Իսրայել Օրի

Էջմիածնի 1677 թվականի ժողովը և Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր:1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Օրին Հայաստանում, Ագաթանգեղոսի ժողովը

Սյունիքի Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի և Օրու ջանքերով 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ: Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին:Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը: Նրանք միաժամանակ հայտնում էին, որ փոքրաթիվ օգնական զորքով Հայաստան ժամանելու պարագայում իրենք Հայաստանի թագավորությունը վերականգնելու համար անմիջապես զինված ապստամբություն կբարձրացնեն: Ռազմական օգնության դիմաց մելիքները պատրաստակամ էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր: Նրանք տեղեկացնում էին նաև, որ իրենք ռազմական պատրաստություն են տեսնում և երբ իշխանի զորքերը ժամանեն Հայաստան, իրենք անմիջապես կապստամբեն՝ պարսիկներին երկրից դուրս քշելու համար:

Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը

Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին: Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար: Ծրագրում կարևոր տեղ էր հատկացվում ինչպես Եվրոպայից սպասվող օգնությանը, այնպես էլ Հայաստանում հայկական ապստամբական ուժերի մասնակցության հարցին: Ծրագրվում էր ապստամբությանը մասնակից դարձնել և ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը: Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ նրանց տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ Թուրքիայի հետ 1699թ. արդեն կնքել էին հաշտության պայմանագիր:Եվրոպայում երկար դեգերելուց և հաջողության չհասնելուց հետո Իսրայել Օրին համոզվեց, որ Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար իրական դաշնակից այդ պահին կարող է լինել միայն Ռուսաստանը:

Իսրայել Օրին Ռուսաստանում

1701 թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը: Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան: Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը: Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին:Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Իսրայել Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով: Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան: Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրին, որին տրվեց ռուսական բանակի գնդապետի աստիճան: Դեսպանության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին նախ գնաց Եվրոպա: Նա իր հետ վերցրեց նաև Հռոմի պապի նամակը՝ ուղղված պարսից շահին, որտեղ խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *